Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ավարտվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ նվիրված 2015թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության և դրա մարմինների գործունեության մեկնարկի գործնական ասպեկտներին:
Նիստին մասնակցել են Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, ովքեր նիստի արդյունքներն ամփոփվել են համատեղ մամուլի ասուլիսում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հարցում աջակցության համար, նաև նշել այդ երկրների համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կատարած մեծ աշխատանքը և բոլորին մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Այսօր երեկոյան Մոսկվայում ՀՀ Նախագահի կեցավայրում՝ «Արարատ Պարկ Հյաթ» հյուրանոցում, Նախագահ Սերժ Սարգսյանի անունից կտրվի ընդունելություն՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու գործընթացի ավարտի կապակցությամբ: