ՀՀ քաղաքաշինության նախարարությունում գտել են կիսակառույցների դեմ պայքարի լավագույն միջոցը: Կառուցապատողները կիսակառույցների շինարարությունը չավարտելու համար կենթարկվեն տուգանքների: Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը վստահ է' մեխանիզմը կնպաստի, որ մայրաքաղաքում կիսակառույցների թիվը ժամանակի ընթացքում նվազի:

 

«Շատ լուրջ աշխատանք ենք տարել Երևանի կենտրոնի կառուցապատման ուղղությամբ: Մասնավորապես, «Երևանի կենտրոնի կառուցապատման» մասին» օրենքում ամրագրել ենք նոր կետ, որը վերաբերում է կիսակառույցներին:

 

Դրանք կառուցապատողները տուգանքների են ենթարկվելու, ժամանակի ընթացքում տուգանքներն աճելուն են երկրաչափական պրոգրեսիայով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' դեկտեմբերի 23-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց Նարեկ Սարգսյանը' հավելելով, որ այս ընթացքում նախարարությունը բազմաթիվ փոփոխություններ է ներկայացրել Կառավ արությանը՝ կառուցապատման լիցենզիաների և մի շարք կարգերի առնչությամբ:

 

Ինչ վերաբերում է ձեղնահարկերի կառուցմանը, ապա Նարեկ Սարգսյանն ասաց, որ Երեւանի քաղաքապետարանը մեկ տարվա ընթացքում պետք է ներկայացնի այդ խնդիրների լուծման հայեցակարգը:

 

Մայրաքաղաքի խնդիրներին զուգահեռ, Սարգսյանի հավաստիացմամբ, իրենց ուշադրության կենտրոնում են նաեւ մարզերի խնդիրները: Աղետի գոտում տարված աշխատանքը նա համարում է դրական եւ արդյունավետ. 2015թ. վերջին ամբողջությամբ կլուծվի Գյումրիի, իսկ 2016թ.' մարզերի հաշվառված ընտանիքների բնակարանի հարցը:

 

Այս համատեքստում քաղաքաշինության նախարարը տեղեկացրեց, որ զգալի ֆինանսական պետական աջակցություն է ուղղված աղետի գոտուն և, որ ներկա պահին հաշվառված 215 ընտանիքից ավելի քան 170-ը բնակարանների ստացման փուլում է, այսինքն՝ մարդկանց մի զգալի հատված բնակարան կստանա 2015-2016 թվականներին: