Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման ծրագրին: ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նշեց, որ նախագիծը կստեղծի իրավական հիմք` մարզերի զարգացման ծրագրերում, ինչպես նաև մասնավոր ներդրումային ծրագրերի, դրամաշնորհային կամ այլ աղբյուրներից ֆինանսավորվող սոցիալական բնակարանաշինության ծրագրերում կիսակառույցների շինարարության ավարտման, քանդման և տարածքի բարեկարգման աշխատանքներն ընդգրկելու համար:
«Արդյունքում կկարգավորվեն հանրապետությունում 1990-ական թվականներից անավարտ մնացած կիսակառույցներին առնչվող խնդիրները: ՀՀ մարզերում առկա կիսակառույց օբյեկտների գերակշռող մասի շինարարական աշխատանքները սկսվել և դադարեցվել են 1988-1993 թթ.-ին: Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 205 կիսակառույց, որից 147-ը համարվել է վերակառուցման ենթակա, իսկ 58-ը՝ քանդման»,- ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով, կբարելավվի բնակավայրի քաղաքաշինական միջավայրը, կառուցապատման նոր տարածքները կօգտագործվեն նպատակային, սոցիալական բնակարաններով կհամալրվեն սոցիալական բնակֆոնդը, կկառուցվեն հասարակական և արտադրական նշանակության անհրաժեշտ օբյեկտներ: Կիսակառույցների վերաբերյալ բազան կներկայացվի մարզպետարաններին և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` մարզերի զարգացման ծրագրերում այն ներառելու, պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում վերակառուցելու նպատակով:
Կարևորելով ծրագրի իրականացումը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հորդորեց խնդիրը պահել ուշադրության կենտրոնում: