Ֆիրդուսում իրականցվելու է լայնածավալ շինարարություն։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քաղաքաշինական պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ նախկին բնակիչներին այդտեղ բնակարաններ չեն տրվելու. «Իրենց հետ քննարկվել է, իրենք ընտրում են բնակարաններ քաղաքի տարբեր հատվածներում կամ ֆինանսական միջոցներ, էդ պրոցեսը գնում է: Պաշտոնապես գիտեմ, որ մնացել է մոտ 20 ընտանիք»,- ասաց նա:

 


Հարցին՝ որ Ֆիրդուսի բնակիչները բողոքում են, որ պետությունն իրենց շատ քիչ փոխհատուցում է առաջարկում, Նարեկ Սարգսյանը պատասխանեց. «Դուք պահանջում եք, ասում եք՝ ներդրում, ներդրում, ներդրողը գալիս է, դուք ներդրողին այսպես եք անում»:
Նարեկ Սարգսյանն անդրադարձավ նաև «Հին Երևան» ծրագրին՝ նշելով, որ ծրագրի 70 տոկոսը կատարվել է. «Ծրագրի համար կա երկու ներդրող, որոնցից առաջինն արդեն իսկ Աբովյան փողոցի հարակից հատվածում սկսել է աշխատանքները և «Հին Երևանի» Տերյան փողոցի հատվածի շինարությունը կսկսվի շուտով»:

 


Նարեկ Սարգսյանը նաև հավելեց, որ այս տարի Ջերմուկում շատ լուրջ աշխատանքներ են նախատեսվում, ֆինանսական աղբյուրները կան. «Միայն 10 միլիոն դոլար՝ Ջերմուկի բարեկարգման համար է նախատեսվում: Կա նաեւ մասնավորների ծրագիր, որոնց ընդհանուր գումարը կկազմի մոտ 20 միլիոն դոլար»: