Հունվարի 24-ին, Երևանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան N 52 դպրոցի մոտ վրաերթ տեղի ունեցավ, ինչի արդյունքում 10-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացավ հիվանդանոցում: Սա դպրոցի հարևանությամբ մահացու ելքով վթարներից, ընդամենը, մեկն էր:
Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր ցույց է նախատեսված նույն դպրոցում, որի նախաձեռնողներն էին՝ դպրոցի աշխատակազմը, շրջանավարտները և ծնողները: Քննարկմանը ներկա էր նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:
Ծնողները վրդովված են, քանի որ այդ տարածքում չկա լուսացույց, ինչի արդյունքում իրենց երեխաների կյանքն ամեն օր վտանգվում է: Քննարկվեցին խնդրի լուծման մի քանի տարբերակներ, հնչեցին առաջարկներ:
Ծնողները միաբերան պնդում էին, որ այդ հատվածը խիստ վտանգավոր է և, եթե հարցը չլուծվի՝ անհնար կլինի խուսափել հետագա դժբախտ դեպքերից: Նրանք առաջարկեցին մի քանի տարբերակ՝ տեսախցիկ տեղադրել, որի արդյունքում վարորդները ավելի զգոն կլինեն, կառուցել վերգետնյա անցում, տեղադրել լուսացույց կամ սահմանել ոստիկանական հսկողություն:
Մկրտչյանի խոսքով՝ հնչած բոլոր տարբերակներն էլ հնարավոր է իրականացնել. «Մեզ համար խիստ կարևոր է, որպեսզի այս հարցը հնարավորինս շուտ կարգավորենք: Պետք է մասնագիտական քննարկում լինի, որպեսզի հասկանանք, թե տարբերակներից, որն է ավելի ճիշտ և, որը հնարավորինս սեղմ ժամկետներում կկարողանանք իրականացնել: Օրինակ՝ եթե որոշենք լուսացույց տեղադրել, ապա պետք է մրցույթ հայտարավի, որը մի քանի ամիս կտևի»:
Նկատենք, որ ծնողների պնդմամբ՝ իրավիճակն այնպիսին է, որ ամիսներ շարունակ սպասել չեն կարող:
Ավելի ուշ քննարկմանը միացավ նաև Ճանապարհային ոստիկանության, ճանապարհաերթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանը, վերջինս նշեց, որ ոստիկանական հսկողություն չեն սահմանի, բայց մի քանի օրում կփորձեն հարցին լուծում տալ:
Ծնողներից Քրիստինե Սահակյանի խոսքով՝ իրենց համար կարևոր չէ, թե տարբերակներից որին նախընտրություն կտան. «Մեզ համար առաջնայինը անվտանգությունն է, թե, որ տարբերակը կնտրեն՝ էական չէ: Մեր միակ ցանկությունն այն է, որ որևէ կերպ լուծվի այս հարցը»: