Սուրբծննդյան տոների շրջանում անհրաժեշտ է հիշել քրիստոնեական արժեքների մասին, որոնք հորդորում են «ոչ միայն վերցնել, այլեւ տալ»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Միացյալ Թագավորության կառավարության ղեկավար Դեւիդ Քեմերոնի՝ բրիտանական ազգին հղված ավանդական նախատոնական ուղերձում:

 

Վարչապետը՝ երկրի երեք գլխավոր կուսակցությունների առաջնորդներից միակը, ով իրեն քրիտոնյա է համարում, նախ եւ առաջ երախտագիտության խոսքով դիմել է զինված ուժերի ծառայողներին: «Մենք հավերժ պարտական ենք ձեզ,- հայտարարել է նա:- Զինվորներից ու սպաներից շատերն այժմ հեռու են իրենց տներից, եւ այս Սուրբ ծնունդին մենք հիշելու ենք նրանց»:

 

Բացի այդ, Քեմերոնը բարձր է գնահատել բրիտանացի բժիշկների եւ սոցիալական ծառայությունների աշխատողների ջանքերը: «Անցնող տարում ձեզ հարկ եղավ զգալի ջանքեր գործադրել թե Աֆրիկայում, թե Մերձավոր Արեւելքում, թե այստեղ՝ Միացյալ Թագավորությունում: Ձեր աշխատանքը մերձավորի մասին հոգ տանելու քրիստոնեական առաքինության լավագույն դրսեւորումն է»,- նշել է վարչապետը:

 

Քեմերոնը կոչ է արել բրիտանացիներին՝ տոնի ընթացքում հիշել բոլոր նրանց մասին, ովքեր օգնության կարիք ունեն եւ այն «ապշեցուցիչ պրոֆեսիոնալներին», ովքեր իրենց «հոգատարությունն ու ուշադրությունն» են դրսեւորում մարդկանց նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: