Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ Էբոլա տենդի դեմ պայքարի խմբի ղեկավար, բելգիացի միկրոկենսաբան Պետեր Պիոտը BBC-ին տված հարցազրույցում այն կարծիքն Է հայտնել, որ Արեւմտյան Աֆրիկայում Էբոլայի դեմ պայքարը կշարունակվի առնվազն մեկ տարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պիոտը, որը մտնում Էր գիտնականների այն խմբի մեջ, ովքեր 1976 թվականին հայտնագործեցին Էբոլա վիրուսը, ասել Է, թե իրեն ուրախացրել են վիրուսի բուժման՝ ներկայում մշակվող նոր մեթոդները: Նրա խոսքով՝ ոչ պակաս, քան երեք ամիս կպահանջվի այդ փորձարկումներն ավարտելու համար:
Փորձագետը նաեւ նախազգուշացրել Է, որ ներկայիս համաճարակը վերջինը չի լինի, իսկ այնպիսի պատվաստանյութ պատրաստելու համար, որը կկարողանա հաղթել մահացու հիվանդությանը, ժամանակ կպահանջվի:
Դեկտեմբերի 23-ին ԱՀԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը հասել է 7 հազար 565-ի, վարակված է 19 հազար 431 մարդ: ԱՀԿ-ի վիճակագրական նյութերում նշված հիվանդանալու բոլոր դեպքերը վերաբերում են երեք երկրի՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիեռա Լեոնեին:
Իրադրությունն առավել ծանր է Լիբերիայում, որտեղ մահացել է 3 հազար 376 մարդ, հիվանդացել՝ 7 հազար 830-ը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: