Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել արդար դատավարություն ապահովել անցյալ շաբաթ ձերբակալված մամուլի ներկայացուցիչների համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Էրդողանի հետ երեկ ունեցած հեռախոսազրույցում Լեհաստանի նախկին վարչապետ Տուսկն անհանգստություն է հայտնել Թուրքիայում մեծ թվով լրագրողների ձերբակալության առթիվ:
Վերլուծաբանները Տուսկի հեռախոսազանգը պայմանավորել են անցյալ շաբաթ Էրդողանի ունեցած հրապարակային ելույթով, որում նա խստորեն քննադատել էր Բրյուսելին, եւ Եվրոպային կոչ արել չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին:
Թուրքիայի ոստիկանությունը դեկտեմբերի 14-ին անցկացրած գործողությունների արդյունքում ձերբակալել էր 24 մարդու, այդ թվում' Samanyolu հեռուստաալիքի ղեկավարին, մի քանի աշխատակիցների եւ «Զաման» թերթի գլխավոր խմբագրին: Նրանք մեղադրվում են արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետ համագործակցելու մեջ, որին Էրդողանը հայտարարել է իր թիվ մեկ թշնամին:
Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ Էրդողանին մեծ քաղաքականություն բերելու մեջ մեծ ներդրում ունեցած Գյուլենի հետ նրա հակասությունները սկսվել են 2011 թ.: Էրդողան-Գյուլեն հակամարտությունը թշնամական փուլ է հասել 2013 թվականի դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել են թուրքական կառավարության անդամների, այդ թվում' Էրդողանի որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները: Դրանից հետո Էրդողանը հայտարարել է, որ դրա հետեւում կանգնած են Ֆեթուլլահ Գյուլենի գաղափարակից «գյուլենական համայնքի&raq uo; հետեւորդները, ովքեր ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ Թուրքիայում հետապնդում է սկսվել «գյուլենականների» նկատմամբ: Աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են 500-ից ավելի իրավապահներ, լրագրողներ, դատախազներ եւ մամուլի աշխատակիցներ:
Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: Դեկտեմբերի 19-ին թուրքական դատարանը ԱՄՆ-ում վտարանդիության մեջ բնակվող Ֆաթուլլահ Գյուլենին ձերբակալելու որոշում է ընդունել: