Մոսկվան կոչ է անում ուկրաինական հակամարտության կողմերին՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ քննարկել իրենց ապագան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ընդսմին նա ընդգծել է, որ ռուսական կողմը չի պնդում Ուկրաինայի «ֆեդերալացումը»:
«Մենք բնավ Ուկրաինային չենք պարտադրում որեւէ կոնկրետ տերմին. մեզ համար միեւնույն է՝ ինչպես դա կկոչվի՝ ֆեդերացիա, ապակենտրոնացում, անգլերենում բազմաթիվ այլ հոմանիշներ էլ կան»,- ասել է Լավրովը «Կոմերսանտ» հրատարակությանը տված հարցազրույցում:
Լավրովի խոսքով՝ Ուկրաինայում կողմերն իրենք պետք է համաձայնության գան գոյակցության բոլոր հնարավորությունների շուրջ: «Որպեսզի մեքենան ընթանա, հարկավոր է նստել եւ պայմանավորվել, թե ինչպես են լուծվելու լեզվի, մշակույթի, պատմության հարցերը, ինչպես են բաշխվելու հարկերը, ընտրվելու տարածաշրջանների ղեկավարները, ինչ հարաբերություններ են նրանք ունենալու կենտրոնի հետ, վերջապես ինչ տոներ են նշելու»,- պարզաբանել է ՌԴ ԱԳ նախարարը:
«Անհրաժեշտ է բաց, թափանցիկ, ինկլյուզիվ սահմանադրական բարեփոխում բոլոր տարածաշրջանների ու քաղաքական ուժերի մասնակցությամբ»,- հավելել է Լավրովը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: