Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորայինների եւ Կիեւի ուժայինների միջեւ գերիների խոշորագույն փոխանակումն է տեղի ունեցել Ուկրաինայի արեւելքում հակամարտության ողջ ընթացքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

«Փոխանակումը կատարվել է առանց խախտումների, բոլոր ծառայություններն աշխատել են փոխհամաձայնեցված»,- լրագրողներին ասել է ԴԺՀ-ի մարդու իրավունքների լիազոր Դարյա Մորոզովան:

 

Նա նաեւ հայտնել է, որ աշխարհազորայինների կողմից գերեվարված ուժայիններից հինգը, որոնց Լուգանսկից Դոնեցկ են տեղափոխել սահմանված ժամկետից ավելի ուշ, Կիեւի ներկայացուցիչներին կհանձնվեն դեկտեմբերի 27-ին:

 

Սկզբնապես ենթադրվում էր, որ փոխանակումը կկատարվի «225-ը 155-ով» բանաձեւով: Ուկրաինացի ուժայիններից հինգը ցանկություն են հայտնել մնալու ԴԺՀ-ի տարածքում: Տեղի իշխանությունները խոստացել են օգնել նրանց աշխատանքի տեղավորվելու հարցում եւ ապահովել կացարանով: Ուկրաինացի հինգ այլ զինվորականներ փոխանակման վայր են հասցվել որոշ ուշացումով: Արդյունքում ԴԺՀ-ի ներկայացուցիչները Կիեւին հանձնել են ոչ թե 155 գերիների, ինչպես ավելի վաղ պլանավորված էր, այլ 145:

 

Ուկրաինացի զինվորականները, ըստ ճշտված տվյալների, աշխաևհազորայիններին հանձնել են 222 մարդու: