Ճամբարակի սահմանամերձ զորամասում արդեն տասնյոթ ամիս է, ինչ զինվորական ծառայության է անցնում Սիրիայից Հայաստան եկած Շանթ Մարգարյանը, ով ծառայությունն ավարտելուց հետո ցանկանում է հայոց բանակի շարքերում մնալ պայմանագրային կարգով:

 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ զորամասի հրամանատարությունից, սիրիահայ Շանթ Մարգարյանը ոչ միայն մերվել է իր ծառայությանն ու ծառայակից ընկերներին, այլ նաեւ ցանկություն ունի մնալ հայոց բանակի շարքերում: «Ընտանիքով Հայաստանում մշտական բնակության ենք եկել 2012 թվականին: Զորակոչվել եմ 2013 թվականին:

 

Ծառայությունս ավարտում եմ եկող տարվա հուլիսի քսանին, որից հետո որոշել եմ դառնալ զինվորական եւ պայմանագրային կարգով շարունակել կատարել պարտքս հայրենիքի հանդեպ: Դրան իրենց համաձայնությունն են տվել նաեւ Օշականում բնակվող ծնողներս: Ես շատ սիրեցի իմ հայրենիքը, նրան ծառայելն ինձ համար պատիվ է ու ամենայն պատասխանատվություն»,- նշեց Շանթ Մարգարյանը: