Խորվաթիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ձայների հաշվման նախնական արդյունքները ցույց են տալիս, որ երկրորդ փուլ են անցնում երկրի ներկայիս նախագահ Իվո Յոսիպովիչը եւ արտաքին գործերի նախկին նախարար Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Յոսիպովիչը հավաքել է ձայների 38,5 տոկոսը, իսկ «Խորվաթական դեմոկրատական համագործակցություն» առաջատար ընդդիմադիր կուսակցությունից թեկնածու Գրաբար-Կիտարովիչը՝ 37,1 տոկոսը: Մյուս երկու թեկնածուները զգալիորեն զիջել են առաջատարներին:

 

Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հունվարի 11-ին:

 

«Մենք շահեցինք առաջին փուլը, կհաղթենք նաեւ երկրորդ փուլում»,- Յոսիպովիչի խոսքը մեջբերել է Associated Press գործակալությունը:

 

«Խորվաթիան ցույց տվեց, որ փոփոխություններ է ցանկանում: Սա միայն սկիզբն է»,- ասել է Գրաբար-Կիտարովիչը:

 

Խորվաթիայում նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: