«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կարծիքով՝ 2014 թվականը լուրջ ճանապարհի վրա կանգնելու, լրջագույն իրադարձություններին ընդառաջ գնալու տարի էր: Նման կարծիք Տիգրան Ուրիխանյանը հայտնեց Լուրեր.com-ի հետ զրույցում՝ ամփոփելով անցնող տարին:
«Հայաստանում արմատական, համակարգային փոփոխությունների սկիզբը դնելու տարի էր, իհարկե, մեծ ցավով պետք է ասեմ, որ լրջագույն կորուստներով հանդերձ: Ես շատ եմ կարևորում մարդու արժեքը համապետական մասշտաբի մտորումների ժամանակ և ինձ համար ամենամեծ կորուստն այն էր, որ այս տարվա ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ ևս լքեցին Հայաստանը՝ կենսակերպ ապահովելու անհնարինությունից դրդված:
Այդ պարագայում խոսել ինչ-որ ձեռքբերումների մասին, տեղին չէ: Պետք է նշեմ, իհարկե, տնտեսական, սոցիալական ու նաև իրավականի բերող ճգնաժամային իրավիճակը, պետք է նշեմ տարվա վերջում մեզ վրա հասած ֆինանսական ճգնաժամը, որի հետևանքները, ցավոք սրտի, նաև եկող տարվա ընթացքում ենք քավելու»,- ասաց Ուրիխանյանը:
Վերջինս հույս և ցանկություն հայտնեց, որ 2015 թվականը կդառնա արդեն ռազմավարական նպատակակետին հասնելու տարի:
«Խոստանում եմ ձեզ, ձեր ընթերցողներին և հանրությանը՝ ինքս իմ թիմի հետ բոլոր ջանքերը գործադրելու եմ այդ ուղղությամբ»,- ասաց նա: