ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«ՀՀ Երկրապահ կամավորականների միության, եռասերունդ երկրապահի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ համայն հայությանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում մեր ժողովրդին բարօրություն, համախմբում և միասնություն:

 

Համախմբում, որ ազգովի կարողանանք դիմակայել մեզ սպասող մարտահրավերներին, միասնություն, որ միասնական ջանքերով հասնենք մեր համընդհանուր բարօրությանն ու իղձերին:

 

Շնորհավորում եմ Հայաստանում ապրող մեր ժողովրդին, ցանկանում ամուր հավատ և վստահություն վաղվա օրվա հանդեպ:

 

Շնորհավորում եմ արցախահայությանը, մաղթում անկոտրում կամք և հավատ սեփական ճակատագրի հարցում:

 

Շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը, մաղթում դժվարագույն պայմաններում տոկունություն ինքնության պահպանման հարցում:

 

Շնորհավորում եմ հայոց բանակին՝ զինվորից Գերագույն գլխավոր հրամանատար: Մեր բանակն է մեր եւ մեր տարածաշրջանի խաղաղության երաշխավորը:

 

Շնորհավորում եմ հայոց հերոս մայրերին' հերոսներ ծնող հերոս մայրերին, կանանց, մեր քույրերին, դուստրերին, որ հաստատուն մնան իրենց առաքելության մեջ:

 

Առանձնահատուկ շնորհավորանքներս եմ հղում մեր նոր սերնդին, որ եռասերունդ երկրապահի դրոշը մեկնած ընթանում է առաջ:

 

Շնորհավորում եմ Երկրապահին, մաղթում սեփական առաքելության հանդեպ հաստատուն հավատ և բեղմնավոր գործունեություն: Մենք պատմական առաքելություն ունենք:

 

Անցած տարին մեզ համար լեցուն էր բազմաբնույթ հաջողություններով և դժվարին մարտահրավերներով: Շարունակելով համընդհանուր ջանքերով կարգավորել մեր առջև դրված խնդիրները' մենք հուշագրեր ստորագրեցինք պետականության կարևորագույն ինստիտուտների հետ, որպեսզի համատեղենք մեր ընդհանուր ջանքերը հանուն մեր երկրի ու պետականության հզորացման:

 

Եկող տարին նշանակալից է հատկապես նրանով, որ աշխարհասփյուռ հայերով, պետականորեն և առաջադեմ համայն մարդկության հետ միասին նշելու ենք Հայոց մեծ Ցեղասպանության 100-րդ տարելիցը:

 

Ցեղասպանության իրողության 100-րդ տարելիցի ազգովի արձանագրումը նորոգում է մեր ուխտը հայոց պետականության հանդեպ, որի գոյությունը ոչ միայն բացառում է ցեղասպանության կրկնությունը, այլ նաև միջազգային ասպարեզներում բարձրաձայնում է մեր պահանջատիրությունը: Այո, մենք պահանջատեր ենք և պահանջատիրական մեր իրավունքից ելնելով ես պատգամ եմ հղում համայն հայությանը, որ մինչև հիսուն տարեկան բոլոր հայերը ի հակահարված ցեղասպանության իրագործման պատասխանատուներին, հանուն համայն հայության հզորացմանը զավակներ ունենան:

 

Եվս անգամ շնորհավորում եմ համայն հայությանը, հայոց բոլոր մայրերին, մեր Մեծ մորը' Գրետա մայրիկին, հերոսներ ծնող մեր բոլոր մայրերին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ու մաղթում առողջություն և արևշատություն:

 

Թող այս Նոր Տարին ավելի լուսավորի մեր հոգին, ու ապրենք երկրի և պետության հանդեպ մեր պարտքը սրբորեն կատարելով»: