Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն իր մտահոգություն է հայտնում Լեռնային Ղաղաբաղի և Ադրբեջանի շփման գծում լարվածության սրացման և ադրբեջանական զինված ուժերի հարձակումների առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 5-ի ամենօրյա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Պսակին:
Մենք անհանգստացած ենք հրադադարի ռեժիմի խախտման, ինչպես նաև՝ վերջին օրերին մահացության դեպքերի մասին զեկուցումները: Այս միջադեպերը չեն համապատասխանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու հանձնառությանը:
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ մենք շարունակում ենք հորդորել երկու կողմերին բարձրագույն մակարդակներով ներգրավվել բանակցության մեջ, որը կկարողանար առաջնորդել խաղաղության համաձայնագրի կնքմանը և քայլեր ձեռնարկել նվազեցնելու շփման գծում և սահմանին տեղի ու նեցող նման միջադեպերի հավանականությունը: Մեր ուշադրությունը շարունակելու է լինել դրա վրա»,- ասել է Փսակին:
Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը՝ ժամը 03:15-ի սահմաններում,ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելման դիրքերը:
Ավաղ, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարուժան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: