Ամերիկյան «Մայամի հերալդ» պարբերականը հրապարակել է ամերիկահայ Հարութ Ջեք Սամրայի հոդվածըˋ նվիրված Հայոց ցեղասպանության վերապրածների հիշատակին:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ հոդվածի հեղինակը պատմում է նախորդ դարասկզբի սարսափելի ոճրագործության վերապրածների քաջության և խիզախության մասին, որի շահառուներն են հետագա սերունդները:

 

«Յուրաքանչյուր տարի ողջ աշխարհի հայությունը ապրիլի 24-ին ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Եվ ամեն տարի հավաքվածների դիմաց նստում են այդ անմարդկային ոճրագործության վերապրածներըˋ որպես գոյատևելու մարդկային կարողության կենդանի խորհրդանիշ»,- գրում է նա: Սակայն ամեն անցնող տարվա հետ նվազում է ԱՄՆ Հարավային Ֆլորիդա նահանգի վերապրածների թիվը: Նշվում է, որ բոլորովին վերջերսˋ Սուրբ Ծնունդից երկու շաբաթ առաջ, մահացել էր նահանգի վերջին վերապրածըˋ Մասաչուսեթսի բնակիչ Հարրի Փիլաֆյանը:

 

«Անասելի չարության ակատեսը լինելով' նրանք իրենց ամեն մի ծիծաղով, ժպիտով ապացուցում են հրեա հոգեբան և Հոլոքոստը վերապրած Վիկտոր Ֆրանկլի այն պնդումը, որ «ամեն ինչ հնարավոր է խլել մարդուց, բացի մի բանից, որը նաև մարդկային ազատություններից վերջինն էˋ ցանկացած պայմաններում ընտրելու իր վարքը, իր ուղին»,- նշում է Հարությ Սամրան, և հավելում. «Եվ իսկապես, ամեն մի վերապրած իր ուրույն ձևն է ընտրել դիմագրավելու այն ամենը, ինչը մենք նրանց խիզախության շահառուներս, կարող ենք միայն աննկարագրելի անվանել»: