Բրիտանական հեղինակավոր TIMES ամսագրի հայտնի կրթական հավելվածը՝ Times Educational Supplement-ը (TES) հոդված է հրապարակել UWC Դիլիջան քոլեջի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հոդվածի հեղինակ Ուիլյամ Սթյուարթն ««Հայկական «ապուրն» ունի ազգերին միավորելու բաղադրիչներ» խորագրով հոդվածում անդրադարձել է UWC Դիլիջան քոլե ջի ստեղծման պատմությանը, քոլեջի նպատակին ու առաքելությանը' ընդգծելով, որ Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ հիմնված քոլեջի նպատակն աշխարհում խաղաղության խթանումն է:

 

«Սա ուղղակի պատմություն չէ մեծահարուստների երեխաների համար ստեղծված քոլեջի մասին, որպեսզի նրանք վերջում հայտնվեն լավագույն համալսարաններում: Սա համաշխարհային կրթական շարժման մաս կազմող, ավելի քան կես դար առաջ Հարավային Ուելսում հիմնադրված ամենավերջին UWC քոլեջն է (United World College), որն ստեղծվել է համաշխարհային խաղաղությունը խթանելու բարձր նպատակով»,- գրում է հեղինակը:

 

Նա ընդգծել է, որ կրթօջախն արմատներով սերում է Ատլանտյան քոլեջից, որը Գլամորգանի ափին 1962թ. Քուրթ Հանի կողմից բացված, վեց դասարան ունեցող անկախ գիշերօթիկ է: Սառը պատերազմի աճող լարվածության պայմաններում, գերմանացի մանկավարժը ցանկանում էր կրթությունն աշխարհի միավորման միջոց դարձնել: Հենց Ատլանտյան քոլեջից ծնվեց միջազգային բակալավրիատի գաղափարն ու հինգ տարբեր մայրցամաքներում փոխկապակցված դպրոցների շարքը, բոլորն էլ՝ Հանի սկզբունքների վրա հիմնված: «Դիլիջանի նոր քոլեջում, որը բացվեց անցյալ աշնանն ու դարձավ 14-րդ UWC-ն, դուք կարող եք այդ սկզբունքների իրական արտացոլումը տեսնել»,- ընդգծում է հեղինակը:

 

«Քոլեջ այցելեցի Ուկրաինայի կառավարական ուժերի և ապստամբների միջև տեղի ունեցած ծանր պայքարի հաջորդ օրը: Երբ ուսանողները հավաքվեցին կրթության նպատակի շուրջ խմբակային քննարկման, նրանց ուսուցիչներից մեկը հանգիստ կերպով նշեց, որ պատերազմող երկրներից ժամանած երկու ուսանող կողք կողքի են նստել: Նրանց կողքին էին նաև ազգությամբ հայ ու թուրք ուսանողները, ովքեր հակառակ կողմերում են մեծացել 1915թ. Հայոց ցեղասպանության բաժանարար իրադարձությունից հետո' մի ոճրագործության, որն առ այսօր, հարյուր տարի անց, լարվածություն է ստեղծում:

 

Նստելու համար նախապես արված հատուկ պայմանավորվածություն չկար, նրանք պարզապես ընկերներ էին, ովքեր ցանկանում էին կողք կողքի նստել: Եվ հենց այդպես է, որ UWC-ն պետք է աշխատի: Մեր այն հարցին, թե ինչպես է Գազայից, Իսրայելից, Իրանից, Սիրիայից ու Լիբանանից ուսանողներ ունեցող դպրոցը կառավարում իրավիճակը, երբ նման հարթակներում են խնդիրներ առաջանում, դպրոցի տնօրեն պարոն Փուդֆութը պատասխանեց. «Եթե մարդիկ միասին են ապրում, պետք է հարմարվեն: Սա շատ ավելի նուրբ մոտեցում է, քան ասել «Եկե՛ք հակամարտության կարգավորման մասին մի սեմինար կազմակերպ ենք»: Սա չէ մեր գործելաոճը: Մենք հասկացել ենք, որ ուսանողներն իրենք են անհրաժեշտ խոսակցությունն ստեղծում: Մենք պարզապես ցույց ենք տալիս մարդկանց, որ, թեև նրանք քաղաքական մակարդակի վրա տարաձայնություններ ունեցող երկրներից են, նրանք ցանկացած մեկի պես մարդկային էակներ են»»,- գրում է TES-ի լրագրողը:

 

Ըստ նրա՝ «ապուր»-ը պատրաստված է մանրակրկիտ ուշադրությամբ: Յուրաքանչյուր UWC քոլեջ որոշում է միջազգային ուսանողների այն ճշգրիտ համադրությունը, որը ցանկանում է ունենալ, և ապա դիմում է 147 երկրների UWC ազգային կոմիտեներին, որոնք հավաքագրում ու ընտրում են նրանց: Ընդունելությունը կազմակերպված է այնպես, որ հաշվի չառնվեն դիմորդների ֆինանսական կարողությունները. Դիլիջանի նախնական 96 սաներից 63-ը մշտական 100%-անոց կրթաթոշակով են, մնացածի մեծ մասի կրթության վարձի առնվազն կեսը վճարվելու է:

 

Լրագրողը մեջբերում է նաեւ քոլեջի համահիմնադիր ու կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդի խոսքերը. «Կրթությունն ապագայի բանալին է, սակայն բանալին սխալ ուղղությամբ են պտտում: Ես համաձայն եմ, որ կրթությունը բարեփոխման կարիք չունի: Այն բոլորովին այլ մոտեցման կարիք ունի»:

 

Ըստ հեղինակի՝ Ռուբեն Վարդանյան-Վերոնիկա Զոնաբենդ զույգը կարծում է, որ Հայաստանն ավելի մեծ ներուժ ունի այս առումով, քան զարգացած երկրներից շատերը, ու նրանք ձեռնամուխ եղան իրական միջազգային դպրոց բացելուն՝ UWC շարժման գաղափարի հետ կատարյալ համապատասխանությունն աչքի առաջ ունենալով:

 

Հոդվածագիրը նշում է, որ զույգի կողմից դպրոցի համար ստեղծված հիմնադրամը ներդրումներ է անում Դիլիջանի նաև այլ մասերում: Այն արդեն ստեղծել է ավելի քան 100 նոր աշխատատեղ և ապահովում է, որ քոլեջն ակտիվ մնա տեղական համայնքի համար: