ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին' ժամը 19:30-ի դրությամբ, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում ուժեղ գետնաբուք է սկսվել:

 

Անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Արթիկի, Թալինի, Մարալիկի, Աշոցքի, Ապարանի, Տիգրանաշենի (Քյարքի) լեռնանցքի ավտոճանապարհները:

 

Բքի պատճառով փակ են Աշոցքից Տաշիր տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

 

Քեթիի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Մոստովիկում, Վայքում, Սիսիանում, Աշոցքում, Գավառում, Գորիսում, Եղեգնաձորում, Կապանում, Մեղրիում, Վարդենիսում, Մարտունիում, Արագածում տեղում է ձյուն:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

 

 

Միջպետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը: