Հայտնի կանադական Lord Cultural Resources կազմակերպությունը սկսել է մշակել Գլենդելում կառուցվելիք հայկական թանգարանի ընդհանուր նախագիծը' դրանով նպաստելով այս ծրագրով հետաքրքրված ճարտարապետներին ընտրելու աշխատանքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:
1981 թվականին հիմնադրված այս ընկերությունը թանգարաններ ծրագրելու և մշակութային ժառանգության պահպանման մեջ մասնագիտացված աշխարհի կարևորագույն հաստատություններից է: Այն 52 երկրներում իրականացրել է 2 հազար և ավելի ծրագիր' այդ թվում և Նյու Յորքի սեպտեմբերի 11-ի հարձակումներին նվիրված թանգարան-հուշարձանն ու Կանադայի Մարդու իրավունքների թանգարանը:
Արևմտյան ԱՄՆ-ի Հայոց ցեղասպանության 100-րդ ամյակի ոգեկոչման միացյալ հանձնախումբը նախատեսում է հաջորդ տարի Գլենդելում կառուցել Ամերիկահայության թանգարան: Ներկայում հանձնախումբը ճարտարապետի փնտրտուքների մեջ է: