Շառլ դե Գոլի անվան օդանավակայանի թռիչքուղիները փակվել են՝ Փարիզի հյուսիսում հակահաբեկչական գործողություններով պայմանավորված: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով փարիզյան Aroports de Paris (ADP) օդանավակայանների օպերատորին:

 

«Որպես նախազգուշական միջոց՝ «Հյուսիս» թռիչքուղին փակվել է օդանավերի վայրէջքի համար»,- նշվել է ADP-ի հաղորդագրությունում: Փոխարենը, մի շարք չվերթների այլ ուղղություն է տրվել:

 

Փարիզի դատախազությունում չեն հաստատել կասկածվող ահաբեկիչների հետ փոխհրաձգության ընթացքում մարդկանց մահվան մասին տեղեկությունը:

 

«Այս պահի դրությամբ, զոհեր չկան»,- հայտնել են դատախազությունից:

 

Ավելի վաղ, ֆրանսիական մի շարք ԶԼՄ-ների, այդ թվում՝ Le Parisien թերթի փոխանցմամբ, հաղորդվել է Քուաշի եղբայրների հետապնդման արդյունքում երկու մարդու մահվան և մոտ 20 վիրավորի մասին: Նրանք կասկածվում են Charlie Hebdo թերթի խմբագրության վրա չորեքշաբթի օրն իրականացրած ահաբեկչական հարձակման մեջ:

 

Ներքին գործերի նախարար Բեռնար Կազնեվը հաստատել է, որ այժմ իրականացվում է հակաահաբեկչական գործողություն Դամարտեն-ան-Գոել քաղաքում: Այնտեղ Քուաշի եղբայրներին հայտնաբերել են ականատեսները: Ներկայումս կասկածյալները բարիկադավորվել են տպարանի շենքում, որը գտնվում է արդյունաբերական գոտում: