Ռուսաստանի և Եվրոպայի միջև Ուկրաինայի ճգնաժամով պայմանավորված լարվածությունը կարող է հանգեցնել ոչ միայն լայնածավալ ռազմական գործողությունների, այլև միջուկային պատերազմի: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը' վկայակոչելով Der Spiegel հեղինակավոր հանդեսին ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի տված հարցազրույցը:

 

«Նման տեսակի պատերազմը անխուսափելիորեն կհանգեցնի միջուկային պատերազմի: Մեզ չի հաջողվի գոյատևել առաջիկա տարիներին, եթե որևէ մեկի նյարդերը տեղի տան ստեղծված իրավիճակում»,- ասել է ԽՍՀՄ վերջին նախագահը:

 

Նա կոչ է արել Գերմանիային չմիջամտել Ուկրաինայի ճգնաժամին:

 

Ավելի վաղ նա ասել է, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև նոր «սառը պատերազմն» արդեն սկսվել է: