Ամփոփելով Ուկրաինայի դեմ ռուսական լայնամասշտաբ ագրեսիայի 200 օրվա արդյունքները՝ կարող ենք փաստել, որ Ուկրաինայի Զինված ուժերն ապացուցել են իրենց կարողությունը ոչ միայն հակառակորդին դիմակայելու, այլև փայլուն հարձակողական գործողություններ իրականացնելու՝ ազատագրելով օկուպացված մեր մարզերի մեծ տարածքները։
Այս մասին ԼՈՒՐԵՐ․ com-ին ասաց ՀՀ-ում Ուկրաինայի նախկին (առաջին) դեսպան Ալեքսանդր Բոժկոն։ Նրա խոսքով, Խարկովշչինայի ազատագրումը, ուկրաինական զորքերի ակտիվ գործողությունները առափնյա Խերսոնի շրջաններում, հրթիռային հարվածներ հասցնելը Ղրիմի ռազմական օդանավակայաններին և պահեստներին, նշանակում է, որ ռազմավարական առումով Ուկրաինան վերցրել է նախաձեռնությունն իր ձեռքը։
«Հիմա մենք ենք թելադրում ռազմական գործողությունների տրամաբանությունը, իսկ Խարկովի մարզում հակահարձակումը ստիպում է ռուսներին հետ քաշվել դեպի Լուգանսկի շրջան՝ օպերատիվ շրջապատման մեջ չընկնելու համար։ Եթե ուկրաինական զորքերը շարունակեն իրենց առաջխաղացումը (իսկ առայժմ դա այդպես է), ապա մենք կարող ենք հասնել Խարկովշչինայի ամբողջական ապաօկուպացմանը և Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի մի շարք շրջանների ազատագրմանը»,-նշեց դիվանագետը։
Մեր զրուցակիցը նշեց, որ երեկ գիշեր ռուսները դաժանորեն հրթիռակոծել են Խարկովը, ինչի հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, ջերմաէլեկտրակայանը, մի շարք շրջաններ մնացել են առանց էլեկտրականության, ոչ միայն Խարկովում, այլև Դնեպրոպետրովսկի մարզում, կան զոհեր խաղաղ բնակիչների մեջ:
«Հակառակորդը վերախմբավորում է իր զորքերը՝ ուժերը կուտակելով Դոնեցկի, Զապորոժիեի, Խերսոնի մարզերում։ Այսինքն՝ ամեն ինչ վկայում է, որ մենք թեւակոխում ենք պատերազմի նոր փուլ՝ մեր հողերը ռուս զավթիչներից ազատագրելու համար։ Մեր զինվորների վերջին հաղթանակները մեզ՝ հասարակ ուկրաինացիներիս, որ ամենաշատ ենք տուժում պատերազմից, ուժ ու վստահություն են տալիս մեր գալիք հաղթանակի նկատմամբ։ Մանավանդ, եթե հիշենք, որ հոկտեմբերին կգործի այսպես կոչված lendlease-ը'լայնածավալ ռազմական օգնության ծրագիրը ԱՄՆ-ի կողմից, որը շատ լուրջ օգնություն կլինի Ուկրաինայի համար»,-ընգդծեց Բոժկոն։
Նրա համոզմամբ՝ այս ամենը լավատեսություն է ներշնչում ուկրաինացիներին՝ թե՛ նրանց, ովքեր մնացել են Ուկրաինայում, թե՛ միլիոնավոր փախստականների, ովքեր ապաստան էին փնտրում պատերազմից՝ մեկնելով այլ երկրներ։
Արա Ալոյան