Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս-քվոյի պահպանումը երկար չի կարող շարունակվել և անհրաժեշտ է քաղաքական լուծում գտնել այս հարցին՝ «միջազգային օրենքի տառին համապատասխան»: Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Տուսկը նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին շփումները հույս են ներշնչում:
 
«Մենք Ձեզ հետ այսօր քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիները և ինձ հույս են ներշնչում կողմերի շփումները: Պետք է հասկանալ, որ այս ժողովուրդների խաղաղությունն ամեն ինչից վեր է»,-նշել է Տուսկը:
 
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-5-ն աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է:
 
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը երեք ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել վերջին մի քանի ամիսների ընթացքում: Նրանք 2018թ. սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել: Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում: 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։