Վաշինգտոնը Ուկրաինայի իրադրության պատճառով ռազմական առճակատման մեջ չի մտնի Մոսկվայի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հայտարարել է ամերիկյան CNN հեռուստաընկերության լրագրողներին տված հարցազրույցում:

 

Պենտագոնի ղեկավարը Ռուսաստանին մեղադրել է այն բանում, որ նա «շարունակում է կատարել շատ վտանգավոր քայլեր, որոնք լարվածության սաստկացման են տանում» Ուկրաինայում, եւ սպառնացել է, որ դա հետեւանքներ կունենա ՌԴ-ի համար:

 

Դրա հետ մեկտեղ Հեյգելն ընդգծել է. «Մենք այդ պատճառով ռազմական գործողություններ, պատերազմ չենք սկսի Ռուսաստանի դեմ»:

 

Նախարարը հանդես է եկել Ուկրաինայի իրադարձությունների նկատմամբ ԱՄՆ-ի վարչակազմի կողմից ընտրված մոտեցման պաշտպանությամբ: Նրա խոսքով՝ հիմքեր չկան պնդելու, որ դիվանագիտությունն անզոր է գտնվել այդ ճգնաժամը կարգավորելու հարցում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: