Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հերթական անգամ Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինա ռազմական ներխուժում նախապատրաստելու մեջ: Գերմանական Bild հրատարակությանը տված հարցազրույցում նա, մասնավորապես, հայտնել է, որ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի բացահայտ պատերազմի սպառնալիքն ավելի մեծ է, քան անցյալ տարի», և «Ռուսաստանը մեծ ներդրումներ է կատարում» դրան նախապատրաստվելու գործում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Վերստին պնդելով, որ Ուկրաինայի տարածքում ներկա են «մոտավորապես 8 հազար ռուս զինվորներ՝ ռուսական հրամանատարությամբ, իսկ Ուկրաինայի հետ սահմանին ՌԴ-ի նոր ռազմաբազաներ են տեղակայված», Պորոշենկոն հայտարարել է, որ պաշտպանվելու համար Ուկրաինան պատրաստ է զենք ստանալ Գերմանիայից, քանի որ խոսքը վերաբերում է Եվրոպայի անվտանգությանը: Հարցազրույցի ավարտին, սակայն, նա հավելել է, որ գերակայությունը պետք է լինի դիվանագիտական լուծումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: