Ոչ ոք միջուկային պատերազմ չի ուզում, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի Երկրի վրա միջուկային փլուզում երբեք տեղի չունենա, սակայն դրա անհնարինության մասին խոսելը սխալ է։ Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, գրում է Ռիա Նովոստին։
«Տեսեք, երբ ասում են, որ դա անհնար է, երբեք հնարավոր չէ, միշտ սխալվում են, ավելին, միջուկային զենքն արդեն օգտագործվել է մարդկության պատմության մեջ»,- ասել է նա Al Jazeera-ին տված հարցազրույցում։
Ամենակարևորը, ըստ Մեդվեդևի, «այն է, որ այն որոշումները, որոնք ընդունում են երկրները, պետք է սառը գլխով ընդունվեն՝ հաշվի առնելով բոլոր իրողությունները»։
Նա հիշեցրել է, որ իր դոկտրինայի համաձայն՝ Ռուսաստանը պատասխանում է միջուկային հարվածին, եթե ենթարկվել է նման հարձակման կամ եթե Ռուսաստանի Դաշնությունը խոցվել է սովորական զենքով, բայց այդ հարվածը այնպիսի բնույթ է կրել, որ սպառնալիք է եղել հենց պետության գոյությանը։
«Ոչ ոք չպետք է մոռանա այս մասին: Բնական է, որ ոչ ոք չի ցանկանում միջուկային պատերազմ: Սա փակուղի է, սա մարդկության վերջն է, և մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Երկրի վրա միջուկային փլուզում երբեք չլինի»,֊ասել է Մեդվեդևը: