ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի կողմից դեկտեմբերի 4-8-ն անցկացվելիք «Զգոն աս» (Vigilant ACE) զորավարժությունները Փհենյանում համարում են սադրանք, որը հղի է միջուկային պատերազմի սկսվելու ռիսկով, դեկտեմբերի 3-ին հայտնել են արևմտյան ԶԼՄ-ները, վկայակոչելով Կորեայի աշխատանքային կուսակցության օրգան «Նոդոն սինմուն» հյուսիսկորեական թերթը։
«Դա ԿԺԴՀ-ի դեմ անթաքույց համապարփակ սադրանք է, որը կարող է ցանկացած պահի հանգեցնել միջուկային պատերազմի»,- գրում է թերթը։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, միաժամանակ «Նոդոն սինմուն»-ը նշում է, որ «ԿԺԴՀ-ի դեմ ուղղված զորավարժությունները կլինեն նույնքան անմիտ, որքան սեփական ինքնասպանությունը սադրելը».
Իր հերթին, հարավկորեական YTN ալիքը հայտնում է, որ «Զգոն աս» ամենամյա զորավարժություներին կմասնակցի ԱՄՆ և Հարավային Կորեայի ավելի քան 230 ինքնաթիռ, ներառյալ՝ F-22 և F-35 մակնիշների։ Այս անգամ կողմերը հմտանում են ըստ ԿԺԴՀ միջուկային և հրթիռային օբյեկտներին, ներառյալ՝ հյուսիսկորեական հրթիռները տեղափոխող քարշակներին կետային հարվածներ հասցնելու սցենարի։
Այս շաբաթվա ընթացքում ԿԺԴՀ-ն հայտարարել է, որ հաջողությամբ իրականացրել է «Հվանսոն 15» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը։ Փհենյանի պնդմամբ՝ այդ հրթիռն ունակ է հասնել ԱՄՆ տարածքում գտնվող ցանկացած շրջանի։
Նախօրեին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի հետ ԱՄՆ-ի պատերազմի հավանականությունը շարունակում է աճել։