Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ում հայտնել է, որ Արևմտյան Եվրոպան «Ռուսաստանի հետ կռվածների անմիջական ժառանգորդն է»։ Նա այսպես է արձագանքել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությանը, ով վերջերս իր ելույթի ժամանակ հիշել է Նապոլեոնի ու Հիտլերի նկատմամբ Ռուսաստանի հաղթանակը։ Մեդվեդևն ընդգծել է, որ Եվրոպայի դեմ «նոր հայրենական պատերազմ» է սկսվել։
«Մեր երկիրը հաղթեց Նապոլեոնին ու Հիտլերին։ Նկատենք, որ անալոգիան ինքն է արել։ Ըստ այդմ, ուկրոնացիները և Արևմտյան Եվրոպան Ռուսաստանի դեմ կռվածների անմիջական ժառանգորդներն են։ Եվ պատերազմը, հետևաբար, նրանց հետ նոր Հայրենական պատերազմ է։ Եվ հաղթանակը մերն է լինելու՝ ինչպես 1812-ին և 1945-ին»,- գրել է Մեդվեդևը։
Հունվարի 20-ին Բորելը Մադրիդում Նոր տնտեսության ֆորումի մրցանակաբաշխության ժամանակ նշել է, որ Ռուսաստանը սովոր է պայքարել մինչև վերջ, ուստի անհրաժեշտ է շարունակել զինել Ուկրաինային։