Չինաստանում ծնելիությունը հասել է 2000 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշների: Այդ մասին այսօր, հունվարի 23-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության մի պաշտոնյայի: 2016 թվականին ՉԺՀ-ում լույս աշխարհի է եկել 17,6 մլն երեխա այն դեպքում, երբ 2011-2015 թվականներին տարեկան 1,4 միլիոնով պակաս էր:
Դրական դինամիկան բացատրվում է օրենսդրության մեջ 2015 թվականին մտցված փոփոխություններով, որոնց համաձայն, չինական ընտանիքներին 2016 թվականի հունվարի 1-ից թույլատրել են մեկից ավելի երեխա ունենալ:
«Այն ժամանակ, երբ մանկածնության տարիքի կանանց թիվը նվազել է հինգ միլիոնով, ծնունդների թվականակը զգալիորեն ավելացել է, դրանով իսկ ցույց տալով, որ ընտանիքի պլանավորման բնագավառում քաղաքականության փոփոխությունը շատ արդյունավետ էր ու ժամանակին»,-նշել է ՉԺՀ-ի առողջապահության եւ ընտանիքի պլանավորման հարցերի զգային հանձնաժողովի ղեկավարներից մեկը՝ Յան Վենչժուանը:
Նրա խոսքով՝ մինչեւ 2020 թվականը կանխատեսվում է մանկածնության տարիքի կանանց թվի մոտավորապես հինգ միլիոնով կրճատում, սակայն Չինաստանը հույս ունի ծնելիությունը պահպանել տարեկան 17-20 միլիոնի մակարդակի վրա: Այսպիսով, պլանավորվում է 21-րդ դարի երկրորդ տասնամյակի վերջին երկրում բնակչության թվաքանակն ավելացնել մինչեւ 1,42 միլիարդ (համեմատության համար նշենք, որ մինչեւ 2015 թվականի վերջին այդ ցուցանիշը կազմում էր 1,37 մլրդ):
Այդ նպատակին հասնելու համար նախատեսված է, մասնավորապես, ավելացնել բուժանձնակազմի հաստիքը եւ մահճակալների թիվը ծննդատներում:
Մեկ տարի առաջ հաղորդվել էր, որ Չինաստանի իշխանություններն առնվազն մինչեւ 2045 թվականը կպահպանեն երեխաների թվաքանակի սահմանափակումն ընտանիքում: ՉԺՀ-ի առողջապահության եւ ընտանիքի պլանավորման հարցերի ազգային հանձնաժողովի փոխտնօրեն Վան Պեյանն այն ժամանակ հայտարարում էր, որ ժողովրդագրական քաղաքականությունը կարող է վերանայվել, երբ որոշակի ժամանակ կանցնի, եւ մենք տեսնենք ժողովրդագրական եւ սոցիալ-տնտեսական փոփոխությունները:
«Մեկ երեխայի քաղաքականությունը» ՉԺՀ-ի ղեկավարության կողմից սկսել է իրականացվել 1970-ական թվականներին. դրա նպատակը եղել է բնակչության աճն սահմանափակումը: Սակայն ներկայում Չինաստանի իշխանություններն անհանգստացած են աշխատունակ քաղաքացիների թվի կրճատումից եւ ծերացող բնակչությանը պահելու անհնարինությունից: