Չինաստանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ու Շենլին հայտարարել է Հարավչինական ծովում չնչին միջադեպը կարող է պատերազմ հրահրել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև: Նա Վաշինգտոնի գործողություններն անվանել է «սադրիչ», հաղորդում է Reuters-ը:

 

Չինացի ծովակալն այդ հայտարարությունն արել է ամերիկացի գործընկեր Ջոն Ռիչարդսոնի հետ տեսակոնֆերանսի ժամանակ։

 

ԱՄՆ ներկայացուցիչն ավելի վաղ ելույթ ունենալով՝ նշել էր, որ կողմերը պայմանավորվել են բանակցություններ անցկացնել՝ խուսափելու համար տարածաշրջանում հակամարտային իրավիճակներից։

 

Չինաստանի ԱԳՆ-ն երեքշաբթի հայտարարել էր, որ ամերիկյան Lassen ականակիր նավն առանց Պեկինի թույլտվության մտել է Հարաչինական ծովի ջրային տարածք, որը մոտ է Չինաստանի կողմից իրենը համարվող վիճելի կղզիներին։ ԱԳՆ-ն բողոք էր հղել ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ այդ գործողությունները խախտում են Չինաստանի ինքնիշխանությունը։ Պենտագոնը հաստատել է Հարավչինական ծովում գործողությունների անցկացման փաստը և չի բացառել նման գործողություններն ապագայում։