Ադրբեջանում հունվարի 13-ից բենզինի, դիզելային վառելիքի եւ հեղուկ գազի գները 0,02 մանաթով թանկացել են: Մի շարք ադրբեջանցի տնտեսագետներ գտնում են, որ շուկաների փոխկապակցվածության օրենքի համաձայն, բենզինի եւ դիզելային վառելիքի գների բարձրացումը կազդի նաեւ շուկայի այլ հատվածների վրա, ինչը պայմանավորված է ոչ միայն տնտեսական, այլ նաեւ հոգեբանական գործոններով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թուրան»-ի հետ զրույցում տնտեսագետ-փորձագետ Գուբադ Իբադօղլուն համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի Տարիֆային խորհրդի հերթական քայլը կարող է լինել քաղաքային հասարակական տրանսպորտում ուղեվարձի բարձրացումը:
Էներգակիրների գների բարձաձումը Ադրբեջանի Տարիֆային խորհուրդը «հիմնավորել» է իբր բենզինի, դիզելային վառելիիք եւ հեղուկ գազի արժեքի մեջ ճանապարհային հարկի մտցնելով, որոնք Ադրբեջանում արտադրվում են ներքին սպառման համար, ինչպես նաեւ ներկրվում են արտասահմանից:
Ադրբեջանցի տնտեսագետների կարծիքով, աշխարհում նավթի եւ նավթամթերքների գների ճակատագրական նվազման գործընթացների ֆոնին ադրբեջանական կառավարության քաղաքականությունը չի համապատասխանում տնտեսական տրամաբանությանը:
«Նախկինում, երբ համաշխարհային սակարաններում նավթի գները բարձրանում էին, կառավարությունն ազգային էկոնոմիկայի եւ վարչարարական կառավարման իր քայլերը հիմնավորում էր շուկայի գնային իրադրությամբ: Իսկ այժմ հիմնավորումը ծառայում է միայն նրա քաղաքական եւ կորպորատիվ նպատակներին», -ընդգծել է Իբադօղլուն:
Ըստ «Թուրան»-ի, փորձագետների սպասումները լավատեսական չեն: Տեղացի եւ արտասահմանցի անկախ փորձագետների մեծ մասը համակարծիք է, որ պետբյուջեի ճեղքերը փակելու համար, որոնք անկասկած կառաջանան նավթադոլարների հոսքի նվազման պատճառով, Ադրբեջանի կառավարությունը վարչական գնային կառավարման ուղիով կդիմի սպառողների եւ ձեռնարկատերերի պարտավորությունների մեծացմանը' դարձյալ այդ քայլերը հիմնավորելով հարկերի եւ ակցիզների զուգակցող աճով:
Դա կարող է բերել սոցիալական լարվածության աճի, քանի որ կարագացնի բնակչության գնողունակության նվազումը: Զուգընթաց էֆեկտներ կդառնան նաեւ ընտանեական բյուջեների ծախսերի մեծացումը եւ աշխատատեղերի կրճատումը:
Brent տեսակի նավթի' այսօր համաշխարհային ապրանքային սակարաններում արդեն 47 դոլարի, իսկ հունվարի 5-ի դրությամբ' ադրբեջանական «ԱզերիLayt» տեսակի նավթի աննախադեպ ցածր' 53,81 դոլարի սահմաններում առաջարկվելու պայմաններում Ադրբեջանի նավթարդյունաբերության ոլորտում արդեն զանգվածային կրճատումներ են սկսվել:
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունում' SOCAR-ում արդեն սկսել են հաշվել նավթի գնի անկման հետեւանքով սպասվող կորուստները: SOCAR-ի փոխնախագահ Սուլեյման Գասըմովը դեկտեմբերի 25-ին Բաքվում կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ եթե նավթի մեկ բարելի ներկայիս 60 դոլար գինը պահպանվի նաեւ 2015 թվականին, ապա Ադրբեջանի պետական նավթային ընկերության կորուստը կկազմի մոտ 400 մլն մանաթ (մոտ 510 մլն դոլար):
Ադրբեջանի պետբյուջեն մոտ 80 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները: Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Այսինքն' ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից 36 դոլարով ցածր է:
Փորձագետները կանխատեսում են, որ նավթի համաշխարհային գներն իջնելու են 40 դոլարից էլ ցածր մակարդակի եւ հայտնում, որ գների նվազումը տեղի է ունենում կանխատեսվածից ավելի սրընթաց: Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ Նույամին վերջերս հայտարարել էր, որ նավթ արտահանող երկրների Կազմակերպությունը (OPEK) չի նվազեցնելու արդյունահանումը, եթե անգամ նավթի գներն ընկնեն մեկ բարելի դիմաց 20 դոլարի մակարդակի:
Նավթի գների անկման հիմնավոր պատճառը պահանջարկի նկատմամբ առաջարկի գերազանցումն է: OPEK-ի դեկտեմբերյան զեկույցում կանխատեսվում է, որ նավթի նկատմամբ պահանջարկը 2015 թվականին կլինի վերջին 12 տարվա մեջ նվազագույնը: