Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարեց «Վեոլիա Ջուր» ընկերության հայտը և 1 խմ մետրի ջրի արժեքը գործող 180 դրամի փոխարեն սահմանեց 191.4 դրամ: Այսպիսիով, խմելու ջրի սակագինը 2018թ. հունվարի 1-ից կբարձրանա 11.4 դրամով։
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ ջրի սակագնի թանկացումը բնական է, քանի որ դրա դիմաց հասարակությանը մատուցվելու են որակյալ ծառայություններ, իսկ, սովորաբար, որակյալ ծառայությունների դիմաց պետք է շատ վճարել:
Նշենք, որ հանձնաժողովում որոշվել է, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող սակագների տարբերությունը Կառավարությունը պետք է փոխհատուցի սուբսիդիայի տեսքով՝ վարձակալության վճարների հաշվին:
Տնտեսագետի խոսքով, եթե անգամ մեկ տարի Կառավարությունը վճարի ավելացված գումարը, միևնույնն է, դա երկար տևել չի կարող, և վաղ թե ուշ՝ քաղաքացին օգտագործած ջրի դիմաց պետք է վճարի ընդուված 191.4 դրամով:
«Մենք նման նախադեպեր էլի ենք ունեցել, նախկինում էլ գազի սակագնի բարձրացմնան ժամանակ Կառավարությունը ստանձնեց գազի սակագնի ավելացված մասի սուբսիդիան: Նույնը կիրառվում է նաև հիմա, բայց երկար այդպես շարունակվել չի կարող»:
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է՝ Կառավարությունը, ստանձնելով սակագնի ավելացած մասի սուբսիդիան, փորձեց խուսափել սոցիալական ընվզումից, Խաչատրյանը պատասխանեց. «Այո՛, հատկապես, որ 2018թ. բյուջով նախատեսված չէ ո՛չ աշխատավարձի, ո՛չ թոշակների, և ո՛չ էլ նպաստների բարձրացում, սակագնի ավելացումը լուրջ ընդվզում կարող էր առաջացնել»,-ասաց Կառլեն Խաչատրյանը՝ նշելով, որ, այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց՝ սոցիալական բեռի ավելացումը կրելու է քաղաքացին:
Նշենք, որ «Վեոլիա Ջուր»-ը սակագնի թանկացումը հունվարի 1-ից հիմնավորում է մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների համար ծախսերի ավելացմամբ:
Աղավնի Սուքիասյան