Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն հունվարի 14-ին հրաժարական է տվել: Պաշտոնաթողութան վերաբերյալ նամակի երեք օրինակներ ուղարկվել են Նախարարների խորհուրդ և ազգային խորհրդարանի երկու պալատներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Պետության 89-ամյա ղեկավարը երկրորդ յոթնամյա ժամկետով ընտրվել էր 2013 թվականի ապրիլին: Բայց հենց սկզբից չէր թաքցնում լիազորությունները վաղաժամկետ վայր դնելու մտադրությունը: Նա քանիցս հրապարակավ հաստատել է դա, այդ թվում՝ ազգին հղած ամանորյա ուղերձում:

 

Իր մանդատի ավարտը Նապոլիտանոն կապում էր Եվրամիությունում Իտալիայի կիսամյա նախագահության ավարտվելու հետ:

 

Սահմանադրության համաձայն՝ Իտալիայի նախագահի լիազորությունները ժամանակավորապես անցնում են պետության երկրորդ դեմքին՝ Սենատի (խորհրդարանի վերին պալատի) նախագահ Պիետրո Գրասոյին:

 

ՏԱՍՍ-ը նշում է, որ ԶԼՄ-ներում Իտալիայի նախագահի պաշտոնի հնարավոր թեկնածուներ են համարում Հռոմի նախկին քաղաքագլուխ, Դեմոկրատական կուսակցության առաջին քարտուղար Վալտեր Վելտրոնիին, Թուրինի քաղաքագլուխ, արդարադատության նախկին նախարար Պիեռո Ֆասինոյին, Սահմանադրական դատարանի դատավոր Սերջո Մատարելային, որը քանիցս նախարարական պաշտոններ է զբաղեցրել, արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնիին և սենատոր Աննա Ֆինոկյարոյին: Նրանք բոլորն էլ այս կամ այն կերպ կապված են ձախ կենտրոնի հետ: