ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է մի տղամարդու, որին կասկածում են Վաշինգտոնում Կապիտոլիումի վրա հարձակում նախապատրաստելու մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Դատարանի տվյալների համաձայն՝ Քրիստոֆեր Քոռնելը ձերբակալվել է այն բանից հետո, երբ փորձել է գնել 600 փամփուշտ ու հրազեն:
Նրան նաեւ կասկածում են ռումբի պատրաստման եղանակներն ուսումնասիրելու մեջ:
ՀԴԲ-ի տվյալներով՝ Քոռնելը պատրաստվում էր պայթուցիկ սարքը գործի դնել Կապիտոլիումում եւ գնդակահարել այնտեղ աշխատող մարդկանց:
Կասկածյալը ձերբակալվել է Օհայոյի նահանգում:
2014 թվականի ամռանը Քոռնելը Ուբայդա անունով աքաունթ է բացել Twitter-ում եւ սկսել է այդ սոցիալական ցանցում տեղադրել հայտարարություններ, տեսագրություններ եւ այլ նյութեր, որոնցում նա աջակացություն էր հայտնում «Իսլամական պետությանը», ջիհադին եւ ահաբեկչական այն գործողություններին, որոնք ծայրահեղականների կողմից կատարվում են Հյուսիսային Ամերիկայում եւ այլ վայրերում: