Ֆրանսիացիների շուրջ 90 տոկոսը դրական է գնահատում երկրում կատարված ահաբեկչական գործողությունների շրջանում նախագահ Ֆրանսուա Օլանդի գործունեությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են հունվարի 14-ին հրապարակված հարցման արդյունքները, որը BFM լրատվական հեռուստաալիքի պատվերով անցկացրել է CSA սոցիալոգիական հետազոտությունների ինստիտուտը:
Հարցվածների 57 տոկոսն այն կարծիքին է, որ Օլանդը լավ է կառավարել պետությունը ահաբեկչական գործողություններից հետո երկրում ստեղծված բարդ իրավիճակում: Ընդսմին ֆրանսիացիների 31 տոկոսը վստահ է, որ նա շատ լավ է կառավարել երկիրը, ինչի շնորհիվ պետության ղեկավարի գործողություններից գոհ քաղաքացիների ընդհանուր ցուցանիշը հասել է 88 տոկոսի:
Միեւնույն ժամանակ, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ֆրանսիացիների 12 տոկոսն այն կարծիքին է, որ երկրի ղեկավարումը վատ է իրականացվել, իսկ 3 տոկոսի կարծիքով՝ շատ վատ:
Այդուհանդերձ, հարցման մասնակիցների 30 տոկոսն ընդգծել է, որ այդ օրերին Օլանդի գործողությունները դեպի լավն են փոխել իրենց պատկերացումը նրա մասին: Ֆրանսիացիների միայն 3 տոկոսի համար է այդ պատկերացումը վատթարացել: Հարցվածների 67 տոկոսը նշել է, որ չի փոխել իր վերաբերմունքը Ֆրանսիայի նախագահի նկատմամբ:
Հարցմանը, որն անցկացվել է հունվարի 13-14-ին, մասնակցել է 18 եւ ավելի բարձր տարիքի 954 մարդ: