Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շարունակում է կորցնել ընտրողների աջակցությունը: Ինչպես վկայում են հասարակական կարծիքի հարցման տվյալները, որն անցկացրել է TNS Sofres ինստիտուտը, նախագահ Օլանդի ժողովրդականության մակարդակը հասել է ռեկորդային ցածր նշագծի՝ 13 տոկոսի՝ երկու ամսում նվազելով 5 տոկոսով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հարցման տվյալների համաձայն՝ ֆրանսիացիների միայն 1 տոկոսն է շարունակում լիովին աջակցել պետության ներկայիս ղեկավարին եւ վստահ է, որ Օլանդն ի զորու է «լուծել այն հիմնախնդիրները, որոնք այժմ ծառացած են Ֆրանսիայի առջեւ»: Վերապահումներով նախագահին վստահություն է հայտնում հարցվածների 12 տոկոսը (4 տոկոսով պակաս, քան երկու ամիս առաջ):
Հարցման մասնակիցների 28 տոկոսը, ինչպես եւ հուլիսին հայտարարել է, որ «ավելի շուտ չի վստահում» Օլանդին: Գործող նախագահի նկատմամբ «բնավ վստահություն չունի» հարցվածների 57 տոկոսը. դա վեց կետով ավելի է, քան երկու ամիս առաջ: Հետազոտության մասնակիցների եւս 2 տոկոսը դժվարացել է պատասխանել, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: