ՀՀ կառավարությունում ստեղծվել է հանձնաժողով, որը հաշվարկում է այս տարեսկզբին հակառակորդի կողմից սահմանամերձ համայնքների ուղղությամբ արձակված կրակոցների վնասները՝ դրանք փոխհատուցելու նպատակով: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Մենք շատ ուշադիր ենք և այսուհետ ևս ուշադիր ենք լինելու բոլոր սահմանամերձ համայնքների ազգաբնակչության հոգսերի նկատմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:Ի դեպ, կառավարությունը հաստատեց մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից:
Ցանկում ընդգրկվել են Արարատի մարզի Երասխ, Վայոց Ձորի Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի,Գեղարքունիքի Վահան և Տավուշի մարզի Ներքին Կարմիր աղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան (Իջևանի շրջան), Մոսեսգեղ,Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Ոսկեպար և Վերին Կարմիր աղբյուր համայնքները:
Նախագծի նպատակը «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելն է: Հովիկ Աբրահամյանը կարևորեց որոշման ընդունումը և ընդգծեց, որ այն մեծ աջակցություն է սահմանամերձ համայնքներին:
2015 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված՝ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից:
Միաժամանակ, վերը նշված համայնքների բնակիչները կօգտվեն նաև ՀՀ կառավարության տարբեր արտոնություններից, մասնավորապես, նրանք կազատվեն հողի հարկից և ոռոգման ջրի վարձից և կվճարեն օգտագործած գազի ու էլեկտրաէներգիայի վարձի միայն կեսը: