ՀՀ կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի Արարատի մարզի Պարույր Սևակ սահմանամերձ համայնքի բնակիչներին՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի, գույքահարկի և հողի հարկի ամբողջությամբ փոխհատուցման ձևով: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 17-ի նիստի օրակարգում:
Կառավարությունը 2015 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար նախատեսում է աջակցություն տրամադրել բաժանորդների սպառած գազի ծավալի (մինչև 30 խմ) 50%-ի չափով, իսկ սպառած էլեկտրաէներգիայի ծախսի համար (մինչև 120 կվտ)՝ 50%-ի չափով: Նախագծով աջակցություն է նախատեսվում նաև այն բաժանորդների համար, որոնք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդ չեն, սակայն հանդիսանում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժանորդներ: Վերոնշյալ բաժանորդների համար «ՀԷՑ»-ի 2015թ-ի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներ առյալ ընկած ժամանակահատվածի համար էլեկտրաէներգիայի ծախս ունեցող ամիսներին տրամադրվում է 15 խոր. մետր, տարվա ընթացքում աճողական մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան գումար:
Սոցիալական աջակցություն է տրամադրվում նաև ՀՀ սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարի վճարման ուղղությամբ: Հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից ՀՀ կառավարությունը նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե է վճարում պետբյուջեով այդ նպատակի համար նախատեսված գումարներից: