Գյումրու բժշկական կենտրոն հունվարի 15-ի երեկոյան ժամը 20:00-ից հետո դիմել է 24 տուժած: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը բժշկական կենտրոնից, նրանցից 14-ը եղել են ոստիկաններ, 10-ը' քաղաքացիական անձինք: Ոստիկանները հոսքը հիվանդանոց սկսվել է ծառայության ավարտից ու իրավիճակի հանդարտեցումից հետո: Բժշկական կենտրոնի տնoրեն Արմեն Իսահակյանը տեղեկացրել է, որ ոստիկաններից ծանր եղել է մեկի վիճակը, ով ստացել էր գլխուղեղի վնասվածք: Նրան տեղափոխել են Երեւան' Գր. Լուսավորիչ հիվանդանոց, կատարվել է վիրահատություն, գտնվում է հետվիրական փուլում: Հիվանդանոցում այս պահին կա միայն երկու ոստիկան, ում վիճակը գնահատվում է նորմալ:
Ոստիկանների վնասվածքները բութ առարկայի հարվածներից են եղել, հիմականում' քարի, միայն մեկինն է այրված եղել: Թե ինչից է այրվածքն առաջացել, բուժող բժիշկն այս պահին հստակ չի կարող նշել: Ոստիկանների մոտ վնասվածքները եղել են դեմքի ու գլխի մասում: Վնասվել է «Շանթ» հեռուստաընկերության օպրատոր Արթուր Մելիքյանը. Նա ստացել է ձախ ուսի սալջարդ, առաջին բուժօգնություն ստանալուց հետո, սակայն, շարունակել է աշխատանքը:
2015թ. հունվարի 15-ին Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ սկսված խաղաղ հավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի ՌԴ հյուպատոսության շենք, որտեղ քաղաքացիների ու ոստիկանների միջեւ միջադեպի արդյունքում արձանագրված առաջին վիրավորին շտապ բուժօգնության մեքենայով Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխել 20:15-ին: