«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը գյումրեցիներին կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն, իրենց արդարացի պահանջները բարձրաձայնելիս տուրք չտալ որևէ հնարավոր սադրանքի, մնալ առողջ տրամաբանության և օրինականության շրջանակներում: Հունվարի 16-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Գյումրիում ստեղծված իրավիճակը:

Նիստում արծարծվել են ստացել մի շարք հարցեր:

Որոշվել է ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի ներկայացուցիչներից ձևավորել աշխատանքային խումբ՝ անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի Գյումրի գործուղելու համար: Նիստի ավարտից հետո ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել:

 

Կուսակցությունը գյումրեցիներին կոչ է արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն, իրենց արդարացի պահանջները բարձրաձայնելիս տուրք չտալ որևէ հնարավոր սադրանքի, մնալ առողջ տրամաբանության և օրինականության շրջանակներում:

 

Միևնույն ժամանակ, ԲՀԿ-ն քաղաքացիներին կոչ է անում ցանկացած պարագայում խուսափել ոստիկանության հետ ընդհարումներից, որոնք կարող են է՛լ ավելի ապակայունացնել իրավիճակը: Կուսակցության տարածած հայտարարության մեջ կոչ է արվում տուրք չտալ հակառուսական տրամադրություններին: Նշվում է, որ խնդիրն այդ հարթություն տեղափոխելու փորձերը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ մեր երկրի համար: Նման լարվածությունը ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ռուսաստանին:

 

ԲՀԿ քաղխորհուրդը և խմբակցությունն ակնկալում են, որ Ռուսաստանի քաղաքական և ռազմական իշխանությունները, քաղաքակիրթ աշխարհում ընդունված կանոնների համաձայն, կոշտ գնահատական կտան կատարված անմարդկային ոճրագործությանը, կձեռնարկեն գործուն քայլեր Գյումրիի ռազմակայանի կարգուկանոնի էական բարձրացման ուղղությամբ, կպատժեն բոլոր մեղավորներին, ում թողտվությամբ կամ անգործության պատճառով հնարավոր եղավ նման աննախադեպ ողբերգությունը, չեն խոչընդոտի ՀՀ օրենքների շրջանակում գործի քննությանը, հանցագործի արդարացի պատժի իրականացմանը, չեն խոչընդոտի անաչառ տեղեկատվության տարածմանը և կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները մթնոլորտը հանդարտեցնելու համար: