Սերժ Սարգսյանի ցավակցական խոսքը Գյումրիում սպանված ընտանիքի փոքրիկի' Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ
Մեզ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը: Չնայած հայ և ռուս բարձրակարգ բժիշկների անսահման ճիգերին՝ մենք կորցրինք նրան: Հանգավ լույսը, որը Գյումրիի ոճրագործությունից հետո բոլորիս միակ սփոփանքն էր, որն անվերականգնելին գոնե ինչ-որ չափով լցնելու համար անելիք էր թողնում մեզ: Ավա՜ղ, չստացվեց, չնայած հնարավոր և անհնարին բոլոր ջանքերին՝ չստացվեց:
Ցավակցում եմ Ավետիսյանների հարազատներին, բոլոր գյումրեցիներին, մեր ողջ ժողովրդին: Ճիշտ է՝ ցավակցությունները, որքան էլ հնչեն, չեն փարատելու վիշտը, և հետ չեն բերելու կորուստը, բայց պիտի դիմանալ: Պիտի ուժ ու տոկունություն գտնել: Ապրելու ուրիշ բանաձև չկա: Պիտի շարունակել ապրել և արդար հատուցման հասնել այս բոլոր ցավերի ու այս ոճրագործության համար: