Նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու հայտարարությամբ է հանդես եկել ՄԻԱԿ կուսակցությունը: Կուսակցության քարտուղար Գերասիմ Բարսեղյանը «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում հայտարարությունը բացատրել է այսպես. «Դեռ 2007 թվականից, երբ սկսվեց մեր համագործակցությունն այն ժամանակ դեռ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, 5 տարի ավել մենք այդ համագործակցությունը տարբեր ոլորտներում շարունակում ենք: 2008 թ. մենք մասնակցում էինք Սերժ Սարգսյանի քարոզարշավին' «10 պատճառ, 10 ակնկալիք» ծրագրով: Մեր երիտասարդները «դռնեդուռ» տարբերակով մասնակցեցին քարոզարշավին: Հետագա տարիներին մեր համագործակցությունը շարունակվեց: Այս անգամ էլ ակտիվ պատրաստվում ենք քարոզարշավին»:
Հարցին, թե ինչու կուսակցությունն ակտիվ չէ, Գերասիմ Բարսեղյանը պատասխանել է, որ ավելի շատ ակտիվ են համցանցում, և սա ունի իր բացատրությունը. «Որովհետև մեր կուսակցության համակիրների և անդամների մեծ մասն ակտիվ է համացանցում, և ի տարբերություն շատ կուսակցությունների՝ մենք կադրային մոդելով ենք զարգանում, մենք խնդիր չունենք զանգվածային կուսակցություն դառնալու, և ակումբային կուսակցության մոդելն է մեր զարգացման հիմքում»:
Հայաստանում երբեք տեղի չեն ունեցել դժգույն նախագահական ընտրություններ, եղել է գաղափարների, ծրագրերի պայքար: Այս ընտրությունները բացառություն չեն լինելու: Հիմնական հարցն այն է, թե ով է լինելու ֆավորիտ թեկնածուի հակառակորդը: Մրցակցային են լինելու ընտրությունները, գոնե կան մեկ-երկու դեմքեր, որ ապահովելու են մրցակցություն: «Առաջինը ես տեսնում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին: Ճիշտ է, նրա ընտրողը հիմնականում կենտրոնացված է Երևանում, բայց չգիտենք, թե ինչ քարոզարշավ կիրականանա: Չի կարելի թերագնահատել նաև Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին»,- ասել է ՄԻԱԿ ներկայացուցիչը:
Տեսակետն էլ, թե ՄԻԱԿ-ը երիտասարդ կարիերիստների կուսակցություն է, Գերասիմ Բարսեղյանը խմբագրում է' ասելով, որ ոչ թե կարիերիստ, այլ առողջ ձգտումներով քաղաքացիներ: