ՌԴ ԱԳՆ տեղեկատվության վարչության պետ Մարիա Զախարովան իր ցավակցությունն է հայտնել հունվարի 12-ին Գյումրիում ՌԴ ռուսական 102-րդ ռազմաբազայի դասալիք Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության կապակցությամբ: «Արմենպրեսի» փոխանցմամբ, Զախարովան Facebook-ի իր էջում մասնավորապես գրել է:

 

«Ընկերներ, ընդունեք իմ խորին ցավակցությունն այդ վայրենի ողբերգության կապակցությամբ: Ես գիտեմ, ես տեսնում եմ, թե ինչպես է հայ ժողովուրդն այն ընկալում որպես համազգային սուգ, որպես սեփական ցավ: Ոչ ոք չի կարող վերադարձնել հունվարի 12-ը և փոխել իրադարձությունների ընթացքը: Բայց մեզանից յուրաքանչյուրը կարող է եւ պետք է կիսի ձեր տառապանքը, ընդունի այն, ինչպես սեփական ցավը: Գիտեք, դա մեր ընդհանուր ցավն է: Ցավում ենք: Չենք մոռանա: Կանենք ամեն ինչ, որպեսզի մեղավորները ամենախիստ պատժին արժանանան»,-գրել է Զախարովան:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետեւանքով։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ հունվարի 19-ին մահացել է։ Կասկածյալ Վալերի Պերմյակովին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: