Ռուսաստանցի սենատորները ծաղիկներ են դրել Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ և Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության կապակցությամբ գրություններ թողել Սգո գրքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Հայաստանի դեսպանատուն են այցելել Դաշնության խորհրդի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության խորհրդարանական հանձնաժողովի անդամները, որոնց թվում եղել են ԴԽ-ի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը»,- ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է Դաշնության խորհրդի անդամ Իգոր Չեռնիշենկոն, որը հունվարի 22-ին այցելել է Հայաստանի դեսպանատուն:
Նրա խոսքով՝ հանձնաժողովի անդամները հայ ժողովրդին իրենց ցավակցությունը հայտնել էին Գյումրիի ողբերգության առաջին օրերին, բայց քանի որ նախօրյակին մահացել է ընտանիքի վերջին անդամը՝ Սերյոժա Ավետիսյանը, սենատորներն անհրաժեշտ են համարել դա անել վերստին: «Մենք ծաղիկներ դրեցինք դեսպանատան պարսպին, որն այս օրերին վերածվել է Սգո պատի: Այժմ ռուսաստանցիներն այնտեղ թողնում են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ծաղիկներ, ցավակցական գրություններ»,- նշել է Չեռնիշենկոն:
Նա հայտնել, որ սենատորները նաև գրառումներ են կատարել Սգո գրքում, որում և միջխորհրդարանական հանձնաժողովի, և ամբողջ Դաշնության խորհրդի անունից հայ ժողովրդին անկեղծ ցավակցություն են հայտնել «ահավոր ողբերգության» կապակցությամբ, որը պատուհասեց Ավետիսյանների ընտանիքին:
«Մենք սգում ենք ամբողջ հայ ժողովրդի հետ միասին, դատապարտում ենք այդ սարսափելի, անմարդկային ոճրագործությունը, որն արդարացում չի կարող ունենալ: Վստահ ենք, որ մեղավորները կպատժվեն: Իսկ ռուս-հայկական հարաբերությունները պետք է հարատևեն»,- Չեռնիշենկոն մեջբերում է արել սենատորների կողմից Սգո գրքում արված գրությունից: