Հանրային խորհրդում  տեղի է ունեցել քննարկում «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

 

Քննարկումը կազմակերպվել է Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի կողմից ՝ մի խումբ հասարակական կազմակերպությունների դիմումի հիման վրա: Քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամներ, Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսներ, մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից, Հանրային խորհրդի անդամ, հանձնաժողովի նախագահ Հայրապետ Գալստյանը քննարկմանը մասնակից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկել է իրենց մտահոգությունները ներկայացնել առողջապահության փոխնախարարին: ՀԿ-ների ներկայացուցիչները բարձրացրել են մի շարք հարցեր՝ ներկայացնելով հիմնավորումներ հանրային առողջության վրա ծրագրի հնարավոր բացասական ազդեցության վերաբերյալ:

 


Փոխնախարարը պարզաբանումներ է տվել, իր հերթին ներկայացրել ծրագրի իրականացման անհրաժեշտությունն ու սպասվելիք արդյունքները: Միաժամանակ, նա ընդունել է քննարկման ընթացքում հնչած որոշ տեսակետներ ու առաջարկներ՝ խոստանալով դրանք ևս հաշվի առնել:

 


Քննարկելով ցորենի ալյուրը երկաթով հարստացնելու օգուտներն ու վնասները, համաշխարհային փորձն ու ներկա միտումները, կողմ ու դեմ տեսակետները՝ ներկաներն ընդգծել են հարցն առավել համակողմանիորեն և խորությամբ քննարկելու անհրաժեշտությունը:

 


Քանի որ նախագիծը խիստ կարևոր է և պարունակում է մի շարք խնդրահարույց հարցեր, որոշվել է Հանրային խորհրդում կազմակերպել ևս մեկ քննարկում, որին կներգրավվեն առավել մեծ թվով հասարակական կազմակերպություններ ու շահագրգիռ կողմեր: