Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի գործով հերթական դատական նիստից առաջ նրա ընկերները հատուկ ուղերձ են տարածել' պահանջելով արդար դատավարություն:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պրբերականը:

 

Հունվարի 23-ին կայանալիք դատական նիստին ընդառաջ Հրանտի ընկերների տարածած ուղերձը վերնագրված է «Ցեղասպանության հարյուրերորդ տարում անհապաղ արդարություն»:

 

Հեղինակները նշել են, որ այս տարիների ընթացքում արդար դատավարություն են ակնկալել, սակայն ապացույցները մշտապես թաքցվել են, իսկ կասկածյալները համարվել անձեռնմխելի կամ էլ նրանց պաշտոնը բարձրացրել են: «Հրանտ Դինքի սպանությունն աշխատում են մեկ մարդու վրա բարդել: Հանցագործության մասնակիցներից շատերին ճանաչում ենք, անուն առ անուն գիտենք: Այս խաբեությունը չեն կարող մեզ պարտադրել: 2015 թվականն է' Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը… Վարչապետը պնդում է, թե ունի ընկերական նպատակներ: Հարյուր հազարավոր մարդկանց սպանվելու դեպքերի հետ առերեսվելն ավելի բարդ է լինելու: Եթե նրա մտադրությունները բարի են, ապա կարևոր քայլ անելու պահը եկել է: Թող հայտնաբերեն և պատժեն…Հրանտ Դինքի սպանության հետևում կանգնած պետական խմբավորումը»,- նշվում է հայտարարության մեջ: Հեղինակները հերթական անգամ ընդգծել են, որ գործն առանց լուծման չեն թողնելու: Նրանք վերահաստատել են, որ արդարության համար իրենց պայքարը կշարունակվի այնքան, քանի դեռ հանցագործության ամենավերջին տարրն անգամ չի պատժվել: Հրանտի ընկերները նշել են, որ դատական հերթական նիստից առաջ կրկին լինելու են դատարանի շենքի մոտ: