Երևանի քաղաքապետարանն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կուսումնասիրի և կփորձի պատասխան տալ Փոխարտադրողների միության կողմից բարձրացված խնդրին: Միությունն առաջարկել է Երևանի քաղաքապետարանին փոփոխություններ կատարել երթուղային տրանսպորտի սակագներում: Լրագրողների հետ զրույցում հունվարի 23-ին Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը տեղեկացրեց, որ առաջարկը հունվարի 22-ին ներկայացվել է քաղաքապետարան՝ քննարկման:
«Ամեն ինչ պետք է կատարվի օրենքի սահմաններում, դա հենց քաղաքապետարանի դիրքորոշումն է: Ուղեվարձը կարող է փոփոխվել որոշակի գործոների՝ դոլարի փոխարժեքի, պահեստամասերի, քսանյութերի, վառելիքի թանկացման հետևանքով: Մեր հաշվարկներով՝ բոլորի գներն էլ բարձրացել են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հրանտ Եղիազարյանը:
«Եթե ասում են' աշխատեք 100 դրամով, մենք առաջարկում ենք, որ վառելիքը մեզ ինքնարժեքով տան: Սա ներկրողների վրա ծանր չի նստի: Բացի այդ, ավտոբուսները տեղափոխում են անվճար երթևեկելու իրավունքով ուղևորների: Մենք իշխանություններին առաջարկում ենք, որ այդ ուղևորների դիմաց մեզ փոխհատուցում տան»,- տեղեկացրեց նա:
Հրանտ Եղիազարյանի խոսքով՝ վարորդները երկու խնդիր ունեն՝ իրենց մեքենան պետք է սարքին վիճակում լինի և իրենց ստացած գումարով պետք է ընտանիք պահեն: «Ուղեվարձի նոր սակագին ենք առաջարկել: Մյուս կողմից՝ ես կողմ եմ, որ ուղևորից գանձվող գումարը մնա նույնը, իսկ տարբերությունը փոխհատուցեն իշխանությունները»,- հավելեց նա: Կախված վառելիքի տեսակից՝ առաջարկվել է որպես ուղեվարձ սահմանել 200-250 դրամը:
«Միկրոավտոբուսների համար պետք է այլ ուղեվարձ լինի, ավտոբուսների համար՝ այլ: Իսկ մեր հաշվարկով դիզվառելիքով աշխատող տրանսպորտի համար ուղեվարձը 300 դրամ պետք է լինի»,- եզրափակեց նա:
Փոխադրողների միության նախագահը վստահեցրեց, որ մոտ օրերս Երևանի քաղաքապետարանից տեղեկություներ կունենա առաջարկի առնչությամբ: