ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հունվարի 18-20-ը աշխատանքային այց է կատարել Ավստրիայի Հանրապետություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հունվարի 18-ին նախարարը ներկա է գտնվել Ավստրիայի Կարինթիա երկրամասի մայրաքաղաք Քլագենֆուրտի «Կոնցերտհաուս» համերգասրահում երգահան և դաշնակահար Կարեն Ասատրյանի' երգչախմբի և ջազային քառյակի համար գրած «Աղոթքի անիվ» պատարագի պրեմիերային: Ստեղծագործությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին և ավստրիացի հանդիսատեսի կողմից ջերմ ընդունելության է արժանացել:
Հունվարի 19-ի առավոտյան Հասմիկ Պողոսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ավստրիայի Արվեստների և մշակույթի, սահմանադրության և լրատվամիջոցների դաշնային նախարար Յոզեֆ Օստերմայերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը:
Երկու երկրների մշակույթի նախարարները ստորագրել են «Հայաստանի մշակույթի նախարարության և Ավստրիայի վարչապետարանի միջև արվեստի և մշակույթի բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:
Ստորագրման արարողությանը հաջորդած զրույցի և ավստրիական գործընկերոջ կողմից ի պատիվ Հասմիկ Պողոսյանի տրված պաշտոնական ճաշի ընթացքում քննարկվել է մշակույթի և արվեստի ոլորտներին առնչվող' երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Հունվարի 19-ի երեկոյան նախարար Պողոսյանը մասնակցել է Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում դեսպանության կողմից կազմակերպված' հայ արվեստին և Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին նվիրված միջոցառմանը:
Միջոցառմանը ներկա են եղել Ավստրիայի խորհրդարանի անդամներ, մշակութային կառույցների, Ավստրիայի արտաքին գերատեսչության, կառավարական այլ մարմինների, լրատվամիջոցների, հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Հասմիկ Պողոսյանը, ով այնուհետև ՀՀ մշակույթի նախարարության կողմից սահմանված «Գրանշան» 2013 թ. առաջին մրցանակի դիպլոմ է հանձնել ավստրուհի Լիզա Շուլցին:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել Կոմիտասի ծննդյան 145-ամյակին նվիրված' հեղինակի կյանքն ու ստեղծագործությունները ներկայացնող խտասկավառակների հավաքածուի շնորհանդեսը, որը ներկայացրել է նախագծի հեղինակ Ռուբեն Տոնիկյանը:
Վիեննաբնակ հայ կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Վիգեն Կզարթմյանը ներկայացրել է Կոմիտասին նվիրված իր «Ծիրանի ծառ» երաժշտական նախագիծը, որը Կոմիտասի դրամատիկ և հոգևոր ստեղծագործությունների վերամշակման փորձ է ժամանակակից կինոերաժշտության արտահայտչաձևերով՝ գործիքավորված դասական-սիմֆոնիկ նվագախմբի և ժողովրդական գործիքների համար: