ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Մալթայի միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին:
Ըստ հիմնավորման, Հայաստանը շահագրգռված է խորացնելու հարաբերությունները Մալթայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: «Երկկողմ միջպետական հարաբերություններում առկա է համագործակցության մեծ ներուժ, որը լիարժեքորեն օգտագործված չէ: Հայաստանի և Մալթայի միջև փոխհարաբերությունների ամրապնդման տեսանկյունից կարևորում ենք նաև համագործակցությունը մշակույթի բնագավառում: 2018թ. ապրիլի 18-30-ը Մալթայում անցկացվել են Հայաստանի մշակույթի օրեր, որոնց շրջանակներում լավագույնս ներկայացվել է հայկական հարուստ և բազմազան մշակութային ժառանգությունը: Համաձայնագրով կողմերը կհամագործակցեն մշակույթի բնագավառում՝ իրենց պետությունների ներքին օրենսդրությանը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Կողմերը կաջակցեն իրենց երկրների արվեստի և մշակույթի ճանաչմանը՝ փոխադարձ այցելությունների և մշակութային փոխանակման ծրագրերի միջոցով»,- ասված է հիմնավորման մեջ:
Մշակույթի բնագավառում համագործակցության համաձայնագրի վավերացումը կնպաստի այդ ոլորտում երկու ժողովուրդների միջև երկխոսության ամրապնդմանը, ստեղծագործական ներուժի բարձրացմանը, բարենպաստ պայմաններ կստեղծի մշակույթի և արվեստի տարբեր բնագավառներում փոխանակումների համար: