ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Նիդեռլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, «Ազատություն եւ ժողովրդավարություն» ժողովրդական կուսակցության ԵՄ հարցերով պատասխանատու Մարկ Ֆերհայենի գլխավորած պատվիրակության հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հյուրի խնդրանքով հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Եվրոպական միության եւ Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի հարաբերությունների ներկա վիճակը։
Անդրադառնալով միջխորհրդարանական կապերի զարգացմանն ու խորացմանը՝ Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ, ցավոք, Նիդեռլանդների եւ Հայաստանի միջխորհրդարանական կապերը բավականին թույլ են՝ նշելով, որ խորհրդարանական դիվանագիտությունը շատ ավելի ճկուն է եւ կարող է իրեն թույլ տալ միշտ մեկ քայլ առաջ լինել պաշտոնական դիվանագիտությունից: Կողմերը պայմանավորվել են առավել ակտիվացնել խորհրդարանական կապերը:
Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ հասկանում է Նիդեռլանդների լուրջ տնտեսական շահերն ու հետաքրքրությունները Ադրբեջանում, սակայն արձանագրել է, որ որեւէ «նավթային կամ խավիարային» հետաքրքրություն չպետք է առավել բարձր լինի մարդու իրավունքների հիմնարար արժեքներից: Նա ցավ է հայտնել, որ նույն ԵԽ-ում հոլանդացի որոշ պատգամավորներ Ադրբեջանի ակտիվ լոբբիստներից են, եւ իրենց պատվավոր տեղն ունեն Ադրբեջանի «խավիարակերների» շարքում:
Կողմերը քննարկել են նաեւ ԼՂ խնդիրը, ինչպես նաեւ տարածաշրջանային ու ներքաղաքական այլ խնդիրներ: Նաիրա Զոհրաբյանը խնդրել է հոլանդացի պատգամավորի միջամտությունը նիդեռլանդական Ալմելո քաղաքում հայկական հիմնական դպրոց բացելու հարցում: